
Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկը նորովի է ձեւավորել, բետոնե հին պատշգամբները փոխարինվել են փայտե նոր ու գունեղ պատշգամբներով, տեղադրվել են ծաղիկներ: Մտահղացման եւ աշխատանքի հեղինակը արվեստագետ, Էջմիածնի ավագանու անդամ Ներսես Մելիքյանն է:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ բնակելի շենքի ֆասադին որեւէ վնաս չի հասցվել, պարզապես փայտե պատշգամբներով փակվել են անմխիթար վիճակում գտնվող երկաթե ճաղավանդակներն ու բետոնե հատվածները, իսկ փայտերը մշակված են հատուկ նյութով, որը մի քանի ամսից մգանալու ու բնության էֆեկտ է ստանալու՝ դառնալով շենքին առավել համահունչ:
«Երկարակեցությունը ապահովելու համար փայտե դեկորները մշակված են հատուկ նյութերով: Դրանք հեշտ ապամոնտաժվող են եւ եթե հետագայում շենքը նոր վերակառուցելու կամ այլ ձեւով փոխելու կարիք լինի՝ փայտից պատշգամբները կհանվեն»,-ասաց Գասպարյանը:
Քաղաքապետն անդրադարձավ նաեւ շենքի ձեւավորման հետ կապված «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնի՝ քննադատությանն ու լրատվամիջոցներով տարածած այն հայտարարությանը, թե խեղվել է Էջմիածնի պատմամշակութային նշանակության շենքերից մեկի արտաքին տեսքը. «Այդ շենքը որեւէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում: Այդ կենտրոնի հայտարարության մեջ նշվածը բացարձակ սուտ է: Երեւանում նստած հեշտ է կարծիքներ կազմել, բայց ենթադրում եմ՝ էդ խոսողներից որեւէ մեկը չի եկել ու այդ շենքն իրականում երբեւէ չի էլ տեսել»:
Էջմիածնի քաղաքապետը եւս մեկ անգամ ընդգծեց ճարտարապետական որեւէ արժեք չներկայացնող եռահարկ սովետական շենքի պատշգամբներն անմխիթար ու կիսաքանդ վիճակում էին: Գասպարյանը նաեւ հավելեց՝ նախքան որեւէ փոփոխություն անելը տեղեկացրել ու շենքի կարգավիճակի մասին ճշտել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան բաժնից:
Գասպարյանի փոխանցմամբ՝ փոփոխություններն իրագործվել են համայնքապետարանի եւ ավագանու 7 անդամների անձնական միջոցների ներդրմամբ: «Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ տեղադրվել են միայն ծաղիկները: Դրանք արհեստական են, ուզում էինք բնական անել, բայց քանի որ այդ շենքում կան բազմաթիվ բնակարաններ, որոնք բնակեցված չեն՝ խնդիր էինք ունենալու ծաղիկների պահպանման հետ, ուստի ընտրել ենք արհեստական, բայց լավ որակի ծաղիկներ»,-ասաց նա:
Քաղաքապետը հայտնեց, որ 2019 եւ 2020 թվականներին Էջմիածնի կենտրոնական հրապարակի եւ հարակից պատմամշակութային շենքերն ու շինությունները ձեւավորվել են արտաքին ճարտարապետական լուսավորության համակարգով՝ ընդգծելով քաղաքի դիմագիծը: Այդ ծրագրի շարունակությունն է նաեւ վերոնշյալ շենքի ձեւավորումը: Նրա խոսքով՝ Էջմիածնի հրապարակում տվյալ շենքից քիչ հեռու կա տուֆքարից շենք, որը կրկին նմանատիպ համադրությամբ է արված:
Դիանա Գասպարյանի փոխանցմամբ՝ Էջմիածնի բնակիչներին շատ է դուր եկել նոր դիազյներական լուծումներով ձեւավորված շենքը, բացի այն, որ որեւէ դժոհություն չեն ստացել, շատերը մեծ ցանկություն են հայտնել ու խնդրել իրենց շենքերում էլ արտաքինից այդպես գեղեցկացնել:
«Տարբեր քաղաքաներում նմանատիպ շենքերի կողքով անցնելիս չգիտես ինչու շատ դրական ու նորմալ ենք վերաբերվում, բայց հենց փորձեցինք մեզ մոտ ունենալ նման ձեւավորմամբ մի բան, անտեղի աղմուկ բարձրացվեց»,- զարմանք հայտնեց քաղաքապետը:
Շարունակությունը սկզբանղբյուր կայքում: