ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում ունեցած իր ելույթում:

«Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկական, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում: Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն, սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, և ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով և բթացնելով, մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը:

13 Ապրիլ, 2021 17:38
221
; ;