ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը: 

«Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3 848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան՝ շուրջ 180 քմ»,- նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար: Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Ավագյանը նշեց, որ վերակառուցումից հետո կենտրոնը կունենա մարզին անհրաժեշտ բոլոր այն բժշկական ծառայություններն իրականացնելու հնարավորությունները, որոնք մինչ օրս չեն եղել:

«Վերակառուցման շնորհիվ` և՛ բուժծառայություններ են ավելանալու, և՛ շատ ավելի բարվոք շենքային պայմաններ են ստեղծվելու: Ավելանալու են, օրինակ` էնդոսկոպիկ ծառայությունները, ուռոլոգիական ծառայությունները: Լինելու է առաջնային անհրաժեշտ բոլոր հետազոտություններն իրականացնելու հնարավորություն, լինելու են համապատասխան մասնագետները, որ մարզին անհրաժեշտ են, բայց մինչ օրս չեն եղել: Շենքային պայմանները թույլ են տալու, որ անհետաձգելի բուժօգնության ծառայություն ունենանք»,- ասաց Ավագյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ համապատասխան մասնագետների պակասը կլրացնեն կամ նպատակային օրդինատուրայի, կամ մարզի ու Երևան քաղաքի այլ հիվանդանոցներից բժիշկների ներգրավման ճանապարհով:

 

19 Ապրիլ, 2021 17:23
129
; ;