Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու  «Համահայկական» հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող  «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։

Ըստ այդմ՝ կողմերը կհամագործակցեն և համատեղ կիրականացնեն 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզներով ապահովման գործընթացը։ Այն կներառի ինչպես պրոթեզների կամ դրանց դետալների ու նյութերի տրամադրումը, այնպես էլ պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստումը, կրելու հմտությունների ուսուցումն ու պրոթեզավորման գործընթացին առնչվող այլ ծառայությունների մատուցումը:

Հուշագրի ստորագրման ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու պետության պարտավորությանը՝ շեշտելով, որ առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների միավորմամբ հնարավոր է ցանկալի արդյունք գրանցել։

Կարևորելով համատեղ իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է․ «Պետք է համադրենք բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ոլորտային խնդիրներին ժամանակին արձանագրելու համար։ Ձեր գիտելիքն ու փորձը կարող են այլ որակ ապահովել և առավել արդյունավետ դարձնել պրոթեզավորման գործընթացը, իսկ ոլորտում ունեցած փորձը հնարավորություն կտա խնդիրներն արագ կարգավորել։ Մենք վերահաստատում ենք այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք անելու»,- ասել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը հույս է հայտնել, որ  կողմերի համագործակցությունն ավելի երկարաժամկետ լինի, և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպություններն իրենց համատեղ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում։  Նախարարը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝  պրոթեզավորման գործընթացում ներգրավելով  նոր մասնագետների։

19 Ապրիլ, 2021 21:48
142
; ;