
Պրոթեզավորման և օրթեզավորման կարիք ունեցող քաղաքացիներն այսուհետ այդ ծառայություններից կարող են օգտվել նաև «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնում․ նոր շենքի բացման արարողությանն այսօր ներկա է գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առթիվ՝ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գերակա առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ աջակցող միջոցների ճիշտ ու պատշաճ տրամադրումն այն քաղաքացիներին, ովքեր ունեն դրա կարիքը․
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, որը պատասխանատու է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, շարունակում է անել ամենը՝ շահառուներին ճիշտ ֆունկցիոնալություն ունեցող աջակցող միջոցներով ապահովելու ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք մեր ուղենիշին, այն է՝ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակը, կենսապայմանները, ապահովել նրանց լիարժեք ներառականությունը»,-նշել է Տ․ Ստեփանյանը։
Բացման արարողությունից հետո ներկաները շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին։