
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում:
Ըստ աղբյուրի՝ զորամասն անմասն չի մնացել նաև արցախյան վերջին պատերազմից: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրումի համար 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների ծնողներին և հարազատներին զորամասի հրամանատարական կազմը հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալները: