
«Ռուսաստանը գերիների վերադարձի հարցում ներգրավված է այնքանով, որքանով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է, որում էլ ամրագրված է գերիների անհապաղ վերադարձի համաձայնությունը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պարզաբանումներ տալով ԵԽԽՎ նիստում հայ գերիների հարցի քննարկմանն առնչվող հարցերին:
«ԵԽԽՎ-ն այստեղ ներգրավված է այնքանով, որքանով գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է, և մյուս միջազգային իրավական հարցերի հետ զուգահեռ այդ հարթակում էլ է հարցը քննարկվում, որտեղ Ռուսաստանն էլ է ԵԽԽՎ անդամ: Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, որովհետև քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի»,- հայտարարեց պատգամավորն ընդգծելով. «Մենք միշտ պնդել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»: