Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փաստերի ստուգման հարթակը հայտնում է՝

ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանի X-ում (նախկինում՝ Twitter) կատարած գրառմանը: 

Հովսեփյանը նշել է, թե «ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի` Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատմամբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք»: 

«Պատահակա՞ն է: Վատ է: Քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը: Միտումնավո՞ր է: Շատ վատ է: Քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ: Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»,- գրել է պատգամավորը:

Նրա այս գրառումը արտատպվել է մամուլում (panorama{.}am, 24news{.}am, yerkir{.}am, news{.}am, armat.media-ն հեռացրել է նյութը):

Նշենք, որ Բադալյանը իր սոցիալական մեդիայի տարբեր ռեսուրսներում (1, 2) հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հոկտեմբերի 4-5-ին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի մասին հաղորդագրություն:

Ընդ որում, ֆեյսբուքյան տիրույթում առկա է ԻԻՀ-ի պաշտոնական դրոշը: 

X-ն է փոխել դրոշի էմոջին

Այսպես, X-ը 2026 թվականի հունվարին Իրանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերով պայմանավորված, փոխել է իր հարթակում ցուցադրվող Իրանի դրոշի էմոջիի դիզայնը. Իսլամական Հանրապետության ներկայիս դրոշի փոխարեն X-ում այն սկսել է ցուցադրվել մինչև 1979 թվականի հեղափոխությունը կիրառված «Առյուծ և արև» խորհրդանիշով։

 

Ձախից աջ՝ ԻԻՀ պաշտոնական դրոշը, պատմական դրոշը

2026 թվականի հունվարի 9-ին X-ի օգտատերերից մեկը հրապարակային գրառմամբ դիմել էր հարթակի արտադրանքի ղեկավար Նիկիտա Բիերին՝ առաջարկելով փոխել Իրանի դրոշի էմոջին։

Բիերը պատասխանել էր՝ «Մի քանի ժամ տվեք ինձ», իսկ ավելի ուշ հայտնել էր, որ փոփոխության ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է։ Նույն օրը փոփոխությունն ավելացվել էր X-ի օգտագործած բաց կոդով Twemoji համակարգում, իսկ հաջորդիվ սկսել էր ցուցադրվել X-ի վեբ տարբերակում։

Փոփոխությունից հետո Իրանը ներկայացնող էմոջին X-ում սկսեց ցուցադրվել «Առյուծ և արև» պատմական դրոշի տեսքով։ Փոփոխությունը տարածվեց ոչ միայն նոր, այլև նախկինում հրապարակված գրառումների վրա։ Արդյունքում պատմական դրոշը որոշ ժամանակ երևում էր նույնիսկ Իրանի պետական կառույցների և պաշտոնյաների X-ի էջերում։

Նշենք, որ Իրանի պաշտոնական դրոշը շարունակում է մնալ կանաչ, սպիտակ և կարմիր եռագույնը՝ կենտրոնում Իսլամական Հանրապետության կարմիր խորհրդանիշով։ «Առյուծ և արև» խորհրդանիշով դրոշը Իրանում կիրառվել է մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը և հետագայում լայնորեն օգտագործվել է իրանական ընդդիմության որոշ շրջանակների, սփյուռքի ներկայացուցիչների և գործող իշխանությունների դեմ հանդես եկող ցուցարարների կողմից։

Նույն էմոջին տարբեր հարթակներում տարբեր դրոշներ է ցույց տալիս

Կարևոր է նշել, որ X-ը չի փոխել Իրանը ներկայացնող էմոջիի կոդը։ Այն նույնն է մնացել, սակայն այդ կոդով էմոջի ընտրելիս այն ինչ տեսք կունենա՝ որ դրոշով կհայտնվի, որոշում է հարթակը կամ օպերացիոն համակարգը։

Հետևաբար օգտատերերը, օրինակ, Հայաստանում iPhone-ով կամ Android սարքով գրառում պատրաստելիս ստեղնաշարի վրա կարող են  տեսնել Իրանի ներկայիս պաշտոնական՝ Իսլամական Հանրապետության խորհրդանիշով դրոշը: Սակայն նույն էմոջին X-ում հրապարակելուց հետո հարթակը կարող է այն ցուցադրել իր սեփական դիզայնով՝ «Առյուծ և արև» պատմական տարբերակով։

Այսինքն՝ օգտատերը պատմական դրոշ չի ընտրում։ Նա ընտրում է Իրանը ներկայացնող նույն էմոջին, իսկ X-ն իր հարթակում փոխում է դրա տեսողական ներկայացումը։

Սրանով է բացատրվում նաև այն, թե ինչու փոփոխությունից հետո պատմական դրոշը հայտնվեց ավելի վաղ արված հրապարակումներում ևս:  Հին գրառումներում որևէ բան խմբագրելու անհրաժեշտություն չկար․ էմոջիի հիմքում ընկած կոդը մնացել էր նույնը, փոխվել էր միայն X-ի կողմից դրա ցուցադրման ձևը։ 

Emojipedia-ն ևս նշում է, որ X-ի փոփոխությունը տարածվել է հարթակում էմոջիի բոլոր նախկին կիրառությունների վրա։

Միևնույն ժամանակ փոփոխությունն ի սկզբանե բոլոր սարքերում միաժամանակ չէր երևում։ Այն նախ գործարկվել էր X-ի վեբ տարբերակում, մինչդեռ Android-ում շարունակվում էր օգտագործվել սարքի սեփական էմոջի-տառատեսակը։ Ավելի ուշ նոր տարբերակը հասանելի դարձավ նաև iOS-ում։

Այսպիսով, պատգամավոր Արեգա Հովսեփյանի պնդումը, թե ԱԳՆ խոսնակը Իրանի պատմական դրոշն է օգտագործել, մոլորեցնող է։ Անի Բադալյանն ընտրել է Իրանը ներկայացնող սովորական դրոշի էմոջին, սակայն X-ը 2026 թվականի հունվարից այդ նույն էմոջին իր հարթակում ցուցադրում է պատմական «Առյուծ և արև» տարբերակով։ 

Հետևաբար պատմական դրոշի հայտնվելը ԱԳՆ խոսնակի ընտրության կամ գործողության հետևանք չէ, այլ X-ի կողմից էմոջիի տեսողական ներկայացման փոփոխության արդյունք։

 

Նանե Մանասյան

330