Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:

«Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել: Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց... Սա Եվրոպայի Խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաև մի շարք կարևոր կոնվենցիաներ»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին, քանի որ խոշտանգումների մասին տեղեկատվություն կա: «Մեր առաքելությունն այն է, որ Եվրախորհուրդն անի հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և երկխոսություն հաստատելու համար: Կարևոր է, որ կողմերը կատարեն պարտավորությունները՝ ղեկավարվելով բարի կամքի սկզբունքով»,- ընդգծել է պատգամավորը:

 

20 Ապրիլ, 2021 23:19
249
; ;