Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային մարտական անօդաչուներ վաճառելու շուրջ գործարքն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այո, մենք վաճառում ենք, երբ կա պահանջարկ: Այդ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի կարիքն ունի, ապա մենք պատրաստ ենք դա քննարկել»,-հայտարարել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով Haberturk-ի եթերում:

Նա նշել է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, չնայած Սեւ ծովի շրջանում իրադրության լարվածությանը: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան շարունակում Է բանակցությունները ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) նոր խմբաքանակի գնման շուրջ: C-400-ի այլ պատվերների շուրջ բանակցությունները շարունակվում են»,-հավելել է նախարարը: Այս տարի ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացրել Էր, որ Անկարան ինքնուրույն որոշում կընդունի C-400-ի մատակարարումների հարցի շուրջ: Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել եւ որոշել Թուրքիայի քաղաքականությունը պաշտպանական ոլորտում»: Նա ընդգծել է, որ այդ ոլորտում որոշումներն Անկարայի սուվերեն իրավունքն է: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:

580