«Այսպիսի քննիչ հանձնաժողով, այսպիսի կարևորության և այսպիսի ծավալի աշխատանք, երևի ոչ մի անգամ չի իրականացվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը փակ ներկայացնելու պատճառների մասին;
«Մի անգամ հոկտեմբերի 27-ից հետո ստեղծվեց Ազգային ժողովի հանձնաժողով, բայց դա կիսատ մնաց: Զեկույցը գտնվում է առաջին բաժնում, և գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ թե զեկույցին, թե զեկույցի հիմքում դրված բոլոր նյութերին: Ձայնագրություններ են, որոնք շատ էական մեծ արժեք են իրենցից ներկայացնում` սկսած այն ժամանակվա քաղաքական ղեկավարների ձայնագրություններից` նախագահ, վարչապետ, Արցախի ՊԲ, ՀՀ ՊՆ, զորքերի հրամանատարներ և այլն»,- հայտնեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար, այստեղ արդեն իմ ցանկությունները մղվում են հետին պլան: Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջով»:
Քոչարյանն ընդգծեց` զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը, բայց շատ հնարավոր է՝ «գտնվեն տարբերակներ, որ անհատներ, կառույցներ, որոնք ունեն իրավասություն ծանոթանալու, որովհետև վերջին հաշվով, իմ կարծիքով, պետք է չմնա առաջին բաժնում, և համապատասխան մարմինները պետք է ուսումնասիրեն` Զինվորական դատախազություն, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: