Նախորդ տարի գրել էինք, որ գազի ներտնային սպասարկում իրականացնող մասնավոր «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը, հնարավոր է, լուծարվի: Ընկերության տնօրեն Արման Նալբանդյանը չէր հերքել տեղեկությունը, միայն ասել էր՝ կասկածում է՝ որեւէ պետական կառույց կարողանա իրենց փոխարեն այդ գործն անել:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ամիսներ առաջ դիմել էր ռուսական կողմին գազի գնի նվազեցման  պահանջով: Ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին: 

Ու քանի որ գազի գնի թեման ակտուալ է, Araratnews.am-ը հրապարակում է փոքր ուսումնասիրությունը գազի ոլորտին առնչվող խնդիրների մասին, որը հրապարակել էինք նախորդ տարի: 

«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը, ըստ տեղեկությունների, առնչություն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ընկերության տնօրենը, սակայն, դա հերքում է. Կարեն Կարապետյանը, նրա հետ փոխկապակցված անձինք եւ ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաներ կապ չունեն «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի հետ:

Գազի ոլորտի խնդիրները, սակայն, միայն ներտնային սպասարկմամբ չեն ավարտվում: Հիմնականում ձմռանը, երբ գազ շատ են սպառում, լսում ենք բողոքներ հավելագրումների մասին: Ընդ որում, դրանք լինում են նաև, երբ գազի հաշվիչն ինչ-որ պատճառով չի աշխատում:

Քաղաքացիներից ոմանք հետևողական բողոքարկում են։ Լինում են դեպքեր, երբ  հավելագրման կասկածը հաստատվում է: 

Հավելագրման ու գազի ոլորտի խնդիրներին անդրադարձել են դեռ նախորդ իշխանության օրոք ընդդիմադիրները 2014 թվականին ԱԺ-ի որոշմամբ ստեղծված գազի ժամանակավոր հանձնաժողովում: Դրա աշխատանքներին եւ գազի ոլորտի քաջատեղյակները մեզ ասացին՝ հավելագրում լինում է նաև, երբ  «Գազպրոմ Արմենիան» չի տեղադրում ժամանակավոր հաշվիչ նորի փոխարեն եւ չտեղադրված օրերի ծախսը հաշվարկում մոտավոր: Ավելին՝ ԱԺ-ի այդ հանձնաժողովում այս հարցը ընկերության ներկայացուցիչները շրջանցում էին կամ հստակ չէին պատասխանում: Պատճառը, ըստ լավատեղյակների, այն է, որ ժամականավոր հաշվիչ տեղադրելն ավելի ծախսատար է ընկերության համար, քան մոտավոր ծախսված գազի մոտավոր «հաշվարկ» անելը, հատկապես, որ բոլոր բաժանորդները չէ, որ կասկածում  եւ բողոքարկում են ընկերության պատասխանը: 

Բաժանորդ-մատակարար աշխատանքը թափանցիկ դարձնելու միջոցներից մեկը բաժանորդի կողմից գազի ծախսը վերահսկելն է թվային տարբերակով: ՀԷՑ-ը, օրինակ, սկսել է էլեկտրաէներգիայի հաշվիչներին սմարթ ծրագիր միացնել, որը հնարավորություն է տալիս բաժանորդին հետեւել հոսանքի ծախսին: Արդյոք «Գազպրոմ Արմենիան» նման գործողություն նախաձեռնում է: Ի պատասխան՝ ընկերությունը տեղեկացնում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն փորձնական ծրագրերի շրջանակներում նախաձեռնել է միջոցառումներ բնակիչ-բաժանորդների գազամատակարարման համար տեղադրված գազի առևտրային հաշվառքի սարքերի վրա տվյալների հեռահաղորդման հնարավորությամբ սարքերի տեղադրման և դրանց ծրագրային ապահովման կիրառման ուղղությամբ»: Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, ընկերությունը չի մանրամասնել:

 ՈՐՏԵՂ ԵՆ «ԱՆՀԵՏԱՑԵԼ»  ՏԵՍՈՒՉՆԵՐԸ 

Գազի ոլորտի մյուս խնդիրը, որին բախվում են բաժանորդները, ներտնային սպասարկումն է: Ինչպե՞ս է ձեւավորվել գազի ներտնային սպասարկման գումարը, դրա ձեւավորման հիմքը, տեսուչների աշխատավարձը, մասնագիտական պատրաստվածությունը: Սրանք այն խնդիրներն են, որոնք բարձրաձայնում են գազի ներտնային սպասարկմանն առնչված քաղաքացիներն ու ոլորտի գիտակները: 

Գազի ներտնային սպասարկման գումարի՝ որպես ավելորդ ծախսի մասին խոսում էին դեռ նախորդ իշխանության օրոք: Ըստ միջազգային փորձի՝ գազի սակագինը պետք է ներառի նաև սպասարկման վարձը, բայց Հայաստանում այն առանձին է գանձվում:

 Ի՞նչ հիմքով է որոշվել գազի սպասարկման վճարը: ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովում այս հարցին եւս անդրադարձ արվել է: Քննարկումներին քաջատեղյակներն Araratnews.am-ին տեղեկացրին՝ որեւէ մեթոդաբանություն, ֆինանսական հիմնավորում չկա, թե ինչու պետք է վճարել 2270 դրամ մեկ գազօգտագործող սարքավորման, 4540 դրամ՝ երկու եւ 6810 դրամ՝ երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորման համար:

Տեսուչների մասնագիտական պատրաստվածությունը, նրանց աշխատավարձը եւս կարևոր հարցեր են: Araratnews.am-ի հետ զրույցում «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերության տնօրեն Արման Նալբանդյանն այդպես էլ հստակ «չհիշեց» տեսուչների աշխատավարձի չափը: «Եթե չեմ սխալվում՝ 130-140.000 դրամ»,- ասաց  նա:

Արդյոք սա բավարար աշխատավարձ է, որ տեսուչները զերծ մնան «մաղարիչ-կաշառքից»: Արման Նալբանդյանը հավաստիացնում է՝ կաշառքի հարց չկա, քանի որ քաղաքացին վճարում է սպասարկման համար: «Իրենց պարտականությունները գերազանց կատարող տեսուչների համար կա աշխատավարձի բարձրացման տենդենց: Ունենք նաև հավելավճարի համակարգ»,- մանրամասնեց  տնօրենը:

Սակայն բաժանորդներից շատերից ենք լսում, որ տեսուչները երբեմն վերածվում են «ակտ» գրողների անգամ աննշան ու անվտանգ խախտումների դեպքում: Ու այդ ժամանակ գործի է դրվում «մաղարիչը», որը սկսվում է 2000 դրամից: Իսկ եթե  քաղաքացին այն չվճարի, հիշեցնի սպասարկման  գումարը, կարող է ակտավորվել, զրկվել գազի մատակարարումից, մինչեւ թերությունը չուղղի: Բայց թերություն ուղղելն երբեմն ավելի ծախսատար ու ժամանակատար է, քան 2000 դրամ «մաղարիչը»: Կա եւս մեկ նրբություն: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությանն ամենեւին էլ ձեռնտու չէ ունենալ ակտավորված քաղաքացիներ, քանի որ գազի ծավալի սպառումը կարող է նվազել, ընկերությունն էլ շահույթ կորցնել: Այնպես որ՝ փոխադարձ ընդունելի լուծումը բաժանորդ-տեսուչ հարաբերություններում դարձյալ «մաղարիչն» է՝ ավելորդ գլխացավանքից, քաշքշուկներից խուսափելու:

 «ՄԱՂԱՐԻՉԻ» ԿԱՐԻՔ ՉԿԱ

«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերության տնօրենը, սակայն, հակառակն է ասում՝ որեւէ դեպք կամ բողոք չեն ունեցել, որ որեւէ փականագործ-տեսուչ 1000 դրամ է վերցրել բնակչից: Ավելին՝ նա դա անհնար է համարում, քանի որ ընկերության վերահսկողության ծառայությունը անմիջապես այդ մասին կիմանա:

Հարց է ծագում՝ իսկ «մաղարիչը» չի՞ կարող հասնել նաև վերահսկողներին: Ինչո՞ւ պետք է քաղաքացին բողոքի, երբ աննշան  թերությունները վերացնելն երբեմն ավելի թանկ է, քան  այդ 1000-2000 դրամը:

Առանձին թեմա է նաև բաժանորդների հետ կնքված պայմանագրի խրթին լեզուն ու եզրույթները (термин), որոնք սպառողին իրազեկելու փոխարեն նրան ավելի են խճճում:

Ինչ վերաբերում է տեսուչ-փականագործների մասնագիտական պատրաստվածությանը, Արման Նալբանդյանի խոսքով՝ աշխատանքի ընդունվելուց առաջ նրանք դասընթացներ են անցնում, մասնագիտական որակավորում ստանում, հետո ընդունվում աշխատանքի: Բացի այդ՝ տարին 2 անգամ սպասարկող ամբողջ աշխատակազմը եւս մասնագիտական դասընթացներ է անցնում, վերապատրաստվում, հանձնում քննություններ: Մի քանի մարմիններ էլ վերահսկում են նրանց կատարած աշխատանքը:

Սակայն տեսուչներին վերահսկող մարմինները, ինչպես տեղեկացանք Արման Նալբանդյանից, «Էյ-Ի-Ջի-Սերվիսի» տեղամասային կենտրոններն են, «Գազպրոմ Արմենիան» եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Այսինքն՝ որեւէ պետական այլ լծակ, ստուգող մարմին փաստորեն չկա: Իսկ եթե անգամ  հասարակական սեկտորն ինչ-որ թերացումներ հայտնաբերի, միեւնույնն է, լծակ չունի դրանք շտկելու՝ բացի բարձրաձայնելուց:

Մեկ հարց եւս, որը քննարկվել է ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովում, բայց թռուցիկ: Եթե «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունն ունի 1000 հոգանոց աշխատակազմ, որտե՞ղ են տեսուչ-աշխատակիցները: «Հաճախ մի տեսուչը ստիպված է լինում սպասարկել մի քանի թաղամասեր հազիվ տարին մեկ անգամ: Չի բացառվում, որ  գործ ունենք ուռճացված աշխատակազմի հետ»,- ասաց գազի ոլորտի քաջատեղյակներից մեկը:

Արդյոք գազի ներտնային սպասարկման գումարի ավելացման կարիք կա: «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերության տնօրենը հարցին դրական է պատասխանում. «Այո, քանի որ մասնագետների աշխատավարձերի բարձրացման կարիք կա: Իսկ թե ինչքան պետք է բարձրանա, հաշվարկ պետք է արվի»: Գազի ներտնային սպասարկման վճարի բարձրացում «Գազպրոմ Արմենիայում» չի քննարկվել՝ տեղեկանում ենք մեր գրավոր հարցման պատասխանից: 

 ԿԱՐՈՂ ԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՉԵՍ ԿԱՐՈՂ

Քաղաքացին կարո՞ղ է արդյոք հրաժարվել գազի ներտնային սպասարկումից, եթե սպասարկումն իրեն չի բավարարում: Ի պատասխան մեր այս հարցին՝ «Գազպրոմ Արմենիան» պատասխանում է՝ ոչ, քանի որ այդ ծառայությունը գազի մատակարարման պայմանագրի անբաժանելի մասն է: «…Բաժանորդը չի կարող հրաժարվել կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերի առանձին դրույթներից, ուստի բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազամատակարարումն առանց գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման հնարավոր չէ»:

Սակայն 2014 թվականին ԱԺ-ի որոշմամբ ստեղծված գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ուշագրավ եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պատասխանին հակասող դրույթ էլ կա, ըստ որի՝ «… Համաձայն մատակարարի եւ բաժանորդի միջեւ կնքված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (ՀՀ ՀԾԿՀ-ի 2005 թ-ի դեկտեմբերի 9-ի N 199 որոշմամբ հաստատված կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւի 3-րդ հավելվածի) հաշվարկային կիսամյակի համար տեխնիկական սպասարկման իրականացումը հավաստվում է ընկերության ներկայացուցչի եւ բաժանորդի կողմից ստորագրված համապատասխան ակտով, որը բաժանորդը կարող է չստորագրել աշխատանքները չկատարելու կամ մասնակի  կատարելու դեպքում եւ չվճարել հաշվարկային կիսամյակի համար նախատեսված գումարը»:

Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է այն մարմինը, որը կհաստատի կամ կհերքի գազի ներտնային սպասարկման վատ ծառայությունը: Պարզվում է՝ դա Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովն է:

Araratnews.am-ը հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանից տեղեկացավ, որ 2019 թվականին սպառողներից լսել է 119 բանավոր բողոք 2018-ի 85 փոխարեն: Գրավոր բողոքները եղել են 78-ը՝ 2018 թ. 71-ի փոխարեն:

Այս տարվա 78 գրավոր բողոքներից 29-ը, Մ. Մեսրոպյանի խոսքով, վերաբերում է վերահաշվարկներին, 8-ը՝ ամսական վճարումներին, 8 դեպքից 5-ը՝ գազի ներտնային սպասարկմանը, 5 դեպքից 2-ն էլ՝ գազի ներտնային սպասարկման համակարգից հրաժարվելուն:

Անդրադառնալով գազի բաժանորդ-մատակարար պայմանագրի բովանդակությանն ու դրա խրթինությանը՝ ՀԾԿՀ անդամն ասաց՝ ամեն տարի բնական գազի մատակարարման եվ օգտագործման կանոնները հաստատելու մասին (ԳՄՕԿ) ենթարկվում է լրամշակման նաև տերմինաբանության առումով, սակայն ՀԾԿՀ անդամի կարծիքով՝ քաղաքացին պետք է իրազեկված լինի, որովհետեւ բաժանորդ-մատակարար խնդիրների մի մասը, ըստ նրա, չիրազեկվածությունն է: «Ես կատեգորիկ չեմ մերժում բաժանորդ-մատակարար պայմանագրի բովանդակության խրթինությունը, գուցե պայմանագրի որոշ հատվածներ պետք է պարզեցնել, բայց հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները հաճախ մատակարար ընկերության հետ կնքած պայմանագիրը չեն էլ կարդում»,- մանրամասնեց Մեսրոպ Մեսրոպյանը:

Ի՞նչ անել, որպեսզի գազի, ջրի, հոսանքի ոլորտին առնչվող խնդիրները ՀԾԿՀ-ն արագ եւ օպտիմալ լուծի, բաժանորդն էլ ստիպված չլինի բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնել, երբեմն մնալ առանց գազի, հոսանքի, ջրի: «Գործնականում այդպես չի եղել, որ մնան առանց գազի կամ հոսանքի»,- հակադարձեց հանձնաժողովի անդամը, ապա շարունակեց. «Կան իրավիճակներ, երբ քաղաքացու սպասելն օբյեկտիվ է, քանի որ ժամանակատար պրոցես է բողոքին ընթացք տալը: Կախարդական փայտիկ չկա, որ 15 վայրկյանում լուծենք խնդիրը: Գիտեք՝ ինչքան գազի տեսուչ է աշխատանքից ազատվել մեր վարույթների հիման վրա»:

Արդյոք ՀԾԿՀ-ին անհրաժեշտ է լայն վերահսկողություն գազի համակարգում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ այն լիազորությունները, որոնք կան, բավարար են, սակայն դրանք իրականացնելու համար ՀԾԿՀ-ը բավարար մարդկային ռեսուրս չունի:

Հ.Գ. Արդյոք ժամանակը չէ արմատական ու համակարգային գործողություն կառավարության կողմից, եթե սպառողների բողոքները գազասպասարկումից գրեթե նույնն են, կա չհիմնավորված սպասարկման գումար, 2018 թվականին ՊԵԿ-ի կողմից հարուցված քրեական գործ «Գազպրոմ Արմենիայի» դեմ:  Հիշեցնենք նաև ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովի 2015 թ. զեկույցը, որն ընդդիմադիր նախկին պատգամավորները հորդորում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: 

Սոնա Դավթյան

465