ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին. տեղեկանում ենք կոնգրեսականի ֆեյսբուքյան գրառումից:

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքեր խլել: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր վարած քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հրահրելով նոր պատերազմ», – գրել է Շիֆը։ «Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով ու առավել առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ [Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», – գրել է ՆՊ Հետախուզության հանձնաժողովի նախագահը։

factor.am
 

330