«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի հատվածում սահմանը  խախտելու եւ ՀՀ տարածք թափանցելու հետ կապված Հայաստանը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Սակայն պայմանագրի ոչ թե 4-րդ, այն է՝ պետության վրա հարձակման, այլ 2-րդ՝ հարձակման վտանգի ու սպառնալիքի հոդվածով: Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե 4-րդի դեպքում զինված աջակցություն պետք է լինի, ապա մյուս հոդվածով՝ պարզապես սկսում են խորհրդակցություններ տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիմումից հետո ինչ գործողությունների կարող է դիմել ՀԱՊԿ-ը, զրուցակիցս նշեց, որ սկսվելու են խորհրդակցություններ, որից հետո կարող է կա՛մ ոչինչ տեղի չունենա, կա՛մ էլ՝ կարող է որոշակի ուժային գործողությունների ցուցադրություն  կամ գործադրում լինի։ Ամեն ինչ կախված է հանգամանքների հետագա ընթացքից։

«Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված այս գործողությունը ոչ միայն ուժի սպառնալիքի, այլեւ ուժի կիրառման ակնհայտ դրսեւորում է։ Փաստացի ուժ է կիրառվել, որովհետեւ ՀՀ տարածք է մտել զինված ջոկատ։ Դա միջազգային իրավունքով հավասարեցվում է ուժի կիրառմանը, հետեւաբար կարելի էր օգտագործել ոչ միայն ՀԱՊԿ-ի համապատասխան գործիքակազմը, այլեւ գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել եւ դեռ շարունակվում է այդ ուժի կիրառումը։ Հայաստանն իրավունք ունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն դիմել ինքնապաշտպանական գործողությունների, եթե բանակցություններն արդյունք չտան»,- ասաց մասնագետը՝ շեշտելով, որ խախտվել է մեր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

1728