ԽՍՀՄ անկումից 30 տարի անց թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում պետականության ճգնաժամ է և այդ իմաստով Հայաստանում այսօր ընթացող գործընթացները նման են ռուսաստանյան զարգացումներին: Այս մասին "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության և «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած քննարկմանը հայտարարեց ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:  
Նրա խոսքով, առկա մարտահրավերները սպառնում են հայկական պետականությանը թե՛ նոր պատերազմի, թե՛ քաղաքական երկարատև անկայունությամբ: Ըստ նրա, Հայաստանում ընթացող գործընթացները պետք է ամբողջական դիտարկել, գալով տարիների խորքից և ոչ թե միայն կենտրոնանալ հարցի վրա, թե ո՞վ կհաղթի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
«Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում հասարակությունները երկփեղկված են, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն. դա նորմալ է, բայց եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Կարևոր է գիտակցել, որ պատերազմ է ընթանում մշակութային և լրատվական դաշտում, պատերազմ է նաև ավանդական արժենքերը ոտնահարելու և կործանելու իմաստով: Երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միակամ էր`  անկախության կողմնակից էր, իսկ այժմ Հայաստանի ապագայի վերաբերյալ մոտեցումները տարբեր են: Իսկ հստակ է մեկ բան, որ Հայաստանի ապագան մշուշոտ է»,- ասաց նա:
Լեպեխինը նշեց, որ եթե օբյեկտիվ գնահատենք Հայաստանում ստեղծված իրավիճակը, ապա ներքաղաքական և արտաքին քաղաքական առումներով այն փակուղային է: Դրան գումարած, նորից գլուխ է բարձրացրել թշնամին, որը կանգ չի առնելու ոչնչի առջև և շարունակելու է էքսպանսիան հայկական տարածքների նկատմամբ:
 

«Ադրբեջանի դիրքերն այդ իմաստով ավելի բարենպաստ են, քանի որ իր բնակչության թվաքանակը մեծանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությունը, տարբեր պատճառներով, գնալով կրճատվում է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ ապագայի վրա»,- հավելեց նա:
"Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ Հայաստանն իսկապես այսօր շատ ծանր ճգնաժամի ճիրաններում է հայտնվել, որը կապված է թե՛ ներքաղաքական օրակարգի, թե՛ այն իրավիճակի, որ առկա է տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ:  Ըստ այդմ, նշեց նա, այդ իրավիճակը թույլ չի  տալիս մեր երկրին այս պահին անցկացնել ընտրություններ: “Ընտրությունները քաղաքական ուժերի միջև պայքար են ենթադրում, բայց այսօր տեսանելի է, որ այդ պայքարը միանշանակ դրական չի կարող ազդել մեր երկրում ազգային կոնսոլիդացիայի առումով և ազդելու է միայն բացասական: Հետևապես մենք կոչ ենք անում բոլորին լինել միասնական և կոնսոլիդացվել իրապես ազգային գաղափարների շուրջ",-նշեց նա:

Ղուկասյանի խոսքով, բացի առկա ծանր իրավիճակը, ակնհայտ էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար շատ քիչ ժամանակ էր տրվել ուժերին, որպեսզի նրանք կարողանային ըստ արժանվույն ներկայացնեն իրենց ծրագրերը:

"Մենք ի սկզբանե նշել էինք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն այն է, որ մասնակցի ընտրություններին և փորձի գալ իշխանության: Բայց քանի որ երկիրը գտնվում է իսկապես բացառիկ իրավիճակում և ժամանակը կարճ է, մենք տեսնում ենք, որ պայքարը լինելու է երկու հիմնական ուժերի միջև: ՀԱՍԱԿ-ը այս ընտրություններում չեզոք է լինելու՝ վստահ լինելով, որ մեր հասարակությունը խոհեմ կգտնվի ճիշտ որոշում կայացնելու համար",- շեշտեց նա:

Կուսակցության նախագահը ընդգծեց՝ երբեք չեն կարևորել զուտ ԱԺ-ում հայտնվելը, դա ինքնանպատակ չէ: Նպատակն այն է, որ երկիրը լինի խաղաղ, կայուն, ուժեղ: Իսկ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ կուսակցությունը պասիվ գործելաոճ է որդեգրելու, այլ հակառակը՝ բոլոր մարզերում էլ ավելի ակտիվ է լինելու և պատրաստվելու է հաջորդ քաղաքական գործընթացներին:

Իր հերթին կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը մատնանշեց, որ  պետության գոյությունն այսօր վտանգված է և ինչպես 100 տարի առաջ, այսօր էր թշնամին փորձում է կործանել Հայաստանն ու սպառնում հայերիս անվտանգությանը:

Նրա խոսքով, Հայաստանի շուրջ այսօր շատ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի խնդիր ու պահանջ կա, քանի որ միայն միահամուռ ուժերով կարող ենք դիմակայել թշնամուն:

“Հույս ունենք, որ քաղաքական ուժերը կունենան այդ խոհեմությունը և կմիավորվեն այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ու գոյության հետ",- ասաց նա:

Կոստանյանն անդրադարձավ նաև դաշնակիցների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ ու ընդգծված դիրքորոշում ունենա այդ հարաբերություններում, լինի թափանցիկ իր գործընկերների համար, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր փոխշահավետ հարաբերություններ կառուցել. "Հակառակն ուղղակի վնասում է մեր անվտանգությանն ու խնդիրներ ստեղծում ՀՀ բնականոն զարգացման համար",-հավելեց նա:

 

17023