
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբի հոգևոր համերգը։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում փոքրիկ երգիչները երգեցին Ներսես Շնորհալու «Առավոտ Լուսո», Մակար Եկմալյանի «Բարեխոսության» և «Սուրբ, սուրբ», Կոմիտասի «Սուրբ Աստված», «Տեր ողորմյա», «Օրհնյալ է Աստված», «Ավե Մարիա», “Սանտա Մարիա”, Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթք» և այլ հոգևոր երգեր: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը պատմել է որ երգչախումբը պետք է փառատոնի գնար կամ Ավստրիա, կամ Արցախ, և երգչախմբի սաները միանգամից միաբերան ասել են, որ Արցախ են ուզում գալ։
«2012թվականից սկսած՝ մենք պարբերաբար գալիս ենք Արցախ, և ամեն անգամ ասես գնում ենք մի հրաշք երկիր, և ամեն անգամ ասես վերադառնում ենք տուն: Ես ուրախ եմ, որ ոչ միայն ինձ մոտ է այդ զգացումը, այլ նաև ՝ երգչախմբի բոլոր սերունդների երեխաների: Մենք սիրում ենք մեր այս մի հողակտորը, այս մի կտոր արևը»,- ասել է Հեքեքյանը: Մինչ Արցախյան 3-րդ պատերազմը, երգչախումբն իր կատարումներով հանդես էր գալիս Շուշիի Ղազանչեցոց Մայր տաճարում, և դա հատուկ ելույթ չէր, այլ միայն ժողովրդի համար կատարված երգ: «Մեր երգացանկի 70%-ը հոգևոր ստեղծագործություններ են, և դրանք մեր ամենասիրելի գործերն են, որովհետև ամեն անգամ, հոգևոր երաժշտություն երգելով, մենք մաքրվում ենք, և, անշուշտ, սա միջոց է երեխաների հոգևոր դաստիարակության ու կրթության համար»,-հավելել է Հեքեքյանը՝ առաջ քաշելով այն միտքը, որ այսօր լայն հասարակությանը կրթում են ամենաէժան երաժշտությամբ, էժան ֆիլմերով ու էժան հաղորդումներով, և պետք էլ չէ նրանցից ինչ-որ բան պահանջել, որովհետև նրանք չեն կրթվում:
Նրա հավաստմամբ՝ պետք է ուժերը ներածին չափով կառուցել երկիրը, շարունակել երթը, չպետք է հուսահատվել, պետք է մնալ այս հողի վրա, պահել հավատքը, պահել լեզուն, իսկ արցախցին միշտ պետք է խոսի իր գեղեցիկ բարբառով: Միջոցառմանը ներկա էր եղել Արցախի թեմի առջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Երգչախումբը նախօրեին հոգևոր համերգով հանդես էր եկել նաև Գանձասարի վանական համալիրում։