Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հրավերք է ստացել շախմատի երկու հեղինակավոր մրցաշարերի կազմակերպիչների կողմից:

Նա նախ ընդգրկվել է սեպտեմբերի 15-19-ը ամերիկյան Սենտ Լուիսում կայանալիք արագ շախմատի մրցաշարի մասնակիցների թվում: Այստեղ բացի մեր շախմատիստից հանդես կգան նաև Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը Պյոտր Սվիդլերը, Ալիռեզա Ֆիրուջան և աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարի հիմնադրամը 150 հազար դոլար է:

Ա1+-ի փոխանցմամբ` Լևոն Արոնյանը միաժամանակ հայտնվել է այն 6 շախմատիստների թվում, որոնք հոկտեմբերի 5-16-ը կմասնակցեն Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Altibox Norway Chess խոշոր մրցաշարում: Մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, նիդեռլանդցի Անիշ Գիրին, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և նորվեգացի Արյան Տարին:

441