ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել կենտրոնի ուսանողների ստեղծած անիմացիոն հոլովակները:

 

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Թումոյում գործող «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր: 

 

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող գիտահետազոտական կիրառական նոր նախագծերին ու նախաձեռնություններին: 

 

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երևանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

 

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները և հավելել, որ այժմ նախատեսվում է նոր կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։ Նա նշել է, որ ներկայումս աշակերտների թիվը 1900 է և նախատեսվում է այն 60000-ի հասցնել: 

 

Զրուցակիցները քննարկել են նաև կրթական մոդելի արտահանման, կոմերցիալիզացիայի և կայունության հետ կապված մի շարք այլ հարցեր: 

 

Թումո կենտրոնի կողմից ֆրասնիացի մասնագետների հետ համատեղ իրականացվում է նաև հայկական հուշակոթողների 3D սքանավորում, որը հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում վերականգնման աշխատանքներ իրականացնել:

 

Կարևորելով Թումո կենտրոնի կողմից  իրականացվող ծրագրերը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու հուշակոթողների 3D սքանավորման, կլաստերների ձևավորման, Թումո տուփերի տեղակայման, կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական, կրթական ծրագրերին և նախաձեռնություններին:

 

10 Հունիս, 2021 15:31
91
; ;