Այսօր, հունիսի 11-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ժամը 22:30-ին տեղի կունենա ֆուտբոլի 16-րդ Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Կես ժամ անց կմեկնարկի առաջին հանդիպումը:

Երկրորդ անգամ անընդմեջ առաջնությանը կմասնակցեն 24 երկրների հավաքականներ, որոնք նախապես բաժանվել են 6 խմբերի միջև: Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ հորիզոնականները գրաված վեց հավաքականներից չորս լավագույնները կմտնեն փլեյ-օֆֆ և պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչ փուլից: Հաղթողը կորոշվի հուլիսի 11-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մազրադաշտում նախատեսված եզրափակիչ խաղում:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 11 երկներում: Առավել շատ թվով խաղեր կընդունեն Անգլիան ու Ռուսաստանը` համապատասխանաբար 8 և 7 հանդիպում:

Առաջնության մասնակից 24 հավաքականները միայն մասնակցության համար կստանան 9,25 մլն եվրո պարգևավճար: Փլեյ-օֆֆ մտնող թիմերը կխրախուսվեն ևս 2-ական միլիոնով: Եվրոպայի չեմպիոնը կստանա 10 մլն եվրո, 2-րդ տեղը` 7 մլն, կիսաեզրափակիչում հասած թիմերը` 5-ական մլն:

Եվրո-2020-ի թալիսման է ընտրվել անգլիական ծագում ունեցող Սկիլզի անունով տղան: Պաշտոնական գնդակը «Ադիդաս» ընկերության կողմից պատրաստած Uniforia գնդակն է:

Մեկնարկային խաղում միմյանց հետ կհանդիպեն Իտալիայի և Թուրքիայի հավաքականները: Երկու երկրների թիմերի միջև կայացած նախկին 10 հանդիպումներում 7 անգամ հաղթել են իտալացիները, իսկ երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Կողմերի վերջին հանդիպումը կայացել է 2006 թվականին և ավարտվել է ոչ-ոքի` 1:1:

Մասնագետներն այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում Իտալիայի հավաքականին, որի հաղթանակի հնարավորությունը 5 անգամ բարձր են գնահատում, քան` Թուրքիայինը: Իտալացիները պարտություն չեն կրել 27 անընդմեջ հանդիպումներում, իսկ թուրքերը` 6:

11 Հունիս, 2021 23:50
108
; ;