
Երևանում պարեկային նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից. Կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:
«Արտաքին ծառայության ներդրմամբ ապահովում ենք կարևոր փիլիսոփայություն, որը հանրությանը ծառայող և օգնության հասնող ոստիկանությունն է, ինչը բնորոշ է ժողովրդավարական հասարակարգերին: Հունվարից սկսվել է 5-ամսյա կրթական ծրագիրը, այն կավարտվի հունիսի վերջին: Ըստ մեր պլանավորման՝ Երևանում պարեկային նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից»,- ասաց Գրիգորյանը:
Արդարադատության փոխնախարարը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլին հաստատվել էր ոստիկանության ոլորտում բարեփոխումների ծրագիրը, որով որպես առաջին գործողություն՝ նախատեսված է արտաքին ծառայության վերափոխումը:
«Երկրում առաջին անգամ իրականացվել է իրավապահ համակարգի կադրերի այս տեսակի ընտրություն և այդ տեսակի կրթություն: Մենք վերանայել ենք ոչ միայն կադրերի ընտրության գործընթացը, այլ նաև հիմնովին մշակել ենք նոր կրթական ծրագիր, որի հիմքում պրակտիկ, գործնական և էֆեկտիվ ոստիկանի գործառույթների ապահովման համար անհրաժեշտ թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքների ապահովումն է»,- ասաց Գրիգորյանը: