«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն ֆինանսական միջոցներով Արարատի մարզում նախատեսում է իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը (ստեղծարար կենտրոն):
ՀՀ փոխվարչապետի համապատասխան որոշմամբ կազմակերպության կողմից 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք» ծրագիրը որակվել է որպես բարեգործական ծրագիր: «Երեխաների քաղաքը» նախատեսված է ստեղծել որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործական) և կյանքի հմտությունները։
Կենտրոնն ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, որն էլ կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։ Այդ նպատակով կառավարությունն ընդունել է «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ծրագրի իրականացման համար կնվիրաբերվեն Արարատի մարզի Շահումյան և Տափերակ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերը: