
Երկրապահ կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նիստի ավարտին, ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, որոշվել է հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել հետեւյալը.
«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել.
Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:
Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:
Սիրելի´ հայրենակիցներ
Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:
Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»: