fip.am-ի տեղեկութուններով

Հունիսի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի եթերում հայտարարվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայները կեղծվել են։ 

Հաղորդավարը, անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկին, նշել է, որ բազմաթիվ նոր ընտրակեղծիքներ են բացահայտվել։ «Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի օգտին ձայները կամ չեն գրանցվել, կամ գրանցել են այլ կուսակցության հաշվին, կամ էլ ձայների իրական քանակը զգալիորեն փոքրացրել են»,- ասել է հաղորդավարը։

Հաջորդող ռեպորտաժում օրինակներ են ներկայացվում՝ Կապանի 35/17 տեղամասում Հայաստան դաշինքի 258 քվեն հաշվվել է «Եվրոպական» կուսակցության օգտին, 35/30 տեղամասում՝ Եղվարդ գյուղում, դաշինքի 49 ձայնի փոխարեն 4 քվե է արձանագրվել։ Վանաձորի 23/47-ում «Հայաստան» դաշինքի 100 ձայնը տաս են հաշվել, և այլն։ 

«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել էր վերահաշվարկին արդյունքների փոփոխություններին և «աղաղակող կեղծված» թվեր արձանագրել կրկին միայն  «Հայաստան» դաշինքի պարագայում։

«Կեղծվել են» ոչ միայն «Հայաստան» դաշինքի ստացած ձայները

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անցկացվել է 80-ից ավելի ընտրական տեղամասում: Հունիսի 23-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի՝  վերահաշվարկվել էին ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները և արձանագրվել էին կողմ ձայների որոշակի փոփոխություններ։ 

Մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ 659-ով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ձայներն ավելացել են 52-ով,  60-ով պակասել են «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ձայները, «Վերելք» կուսակցության ձայները պակասել են 19-ով, և այլն։

Հունիսի 24-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի՝ վերահաշվարկվել են ընդհանուր 16 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեներն ավելացել են 20-ով, 5-ով պակասել ՔՊ-ի և 2-ով «Հայաստան» դաշինքի քվեները, իսկ մեկ-երկու քվեների տարբերություններ եղել նաև մյուս քաղաքական ուժերի դեպքում։  

Այսինքն, վերահաշվարկից հետո տարբերություններ գրանցվել են կամ, ինչպես «5-րդ ալիքն» է պնդում, «կեղծվել են» ոչ միայն «Հայաստան» դաշինքի ստացած ձայների դեպքում, այլև «Քաղաքացիական պայմանագրի» և այլ ուժերի ևս։ 

Արձանագրված անճշտությունները միտումնավոր կեղծի՞ք են, թե՞ տեխնիկական վրիպակ

Վերահաշվարկից հետո տեղամասերի ավարտական արձանագրությունները համեմատելով տարածքային հանձնաժողովների արձանագրությունների հետ՝ ակնհայտ է դառնում, որ անճշտությունները երկու պատճառ ունեն՝ կա՛մ ընտրատեղամասերը պատշաճ կատարել են իրենց աշխատանքը և ավարտական արձանագրությունների տվյալները համապատասխանել են քվեների իրական թվին և միայն տարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրելիս է այդ թիվը փոխված արձանագրվել, կա՛մ էլ տեղամասային հանձնաժողովները վերջնական արձանագրությունում թվերը սխալ են ֆիքսել։ 

Այսպես, ներկայացնենք վերահաշվարկի արդյունքում արձանագրված խախտումները, որոնց մասին լրատվամիջոցներ բարձրաձայնում էին։  

Վանաձորի 23/47 տեղամասի արձանագրության քաղվածքի մեջ ի սկզբանե «Հայաստան» դաշինքի դիմաց գրված է եղել 100 քվե, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում 10 էր նշված: 

Տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը FIP.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ 4 տեղամասերում վերահաշվարկ են կատարել և միայն 23/47-ում են անճշտություններ գտել, որտեղ արձանագրությունում «Հայաստան» դաշինքի դիմաց 100-ի փոխարեն գրված էր 10 ձայն։ «Վերահաշվարկի արդյունքում ստացանք 100 ձայն։ Բայց այստեղ մի նրբություն կա. քաղվածքը, որը արձանագրության հիման վրա են գրում և որը տրամադրել էին վստահված անձանց, այնտեղ 100 էր գրված։ Իրենց ասելով՝ շփոթմունք է, բայց, ամեն դեպքում, մենք գործերն ուղարկել ենք դատախազություն, մենք իրավասու չենք ենթադրություններ անելու»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1507