Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

AM իրավաբանական ընկերությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին հերքել Արսեն Թորոսյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները․ AM-ի հերթական հաղթանակը դատարանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից տարածված տեղեկատվությունը դատարանի կողմից ճանաչվել է զրպարտություն՝ պարտավորեցնելով լրատվամիջոցին հրապարակել հերքում։

2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է Արսեն Թորոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի խմբագրության՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հրապարակել էր ««Թորոսյան-Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը»» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, նշվել էր, թե իբր «Թորոսյան և Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվել են Covid-19-ի միջոցները, և անկազմակերպվածության պատճառով խլվել են կյանքեր։

Դատարանը վճռով արձանագրել է, որ վերոնշյալ տեղեկությունները արատավորել են Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը, իսկ լրատվամիջոցի կողմից չեն ներկայացվել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ՝ այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հանգամանքը հիմնավորելու համար։

Արդյունքում դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակել հերքում։

Արսեն Թորոսյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել է AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ 

 

787