Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող  կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

 

Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարության 2021 թ. մայիսի 13-ի համապատասխան որոշմամբ 2022 թ. հունվարի 1-ից սկսած պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների: Հաշվի առնելով, որ համապատասխան կարգավորումը նախատեսված է այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորումն իրականացրել են սահմանված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ՝ առաջարկվում է գիտական կադրերի որակավորման անցկացման ժամկետը «յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ»-ի փոխարեն սահմանել «առնվազն 5 տարին մեկ անգամ»: Արդյունքում գիտական կազմակերպությունները կարող են իրականացնել գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում, ինչն էլ հնարավորություն կտա արտահերթ ատեստավորում անցած գիտական կադրերին վարձատրվելու վերոնշյալ որոշմամբ սահմանված բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:

 

171