ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները բերման են ենթարկել հունիսի 30-ի լույս գիշերը քաղաքում նռնակով շրջող 35-ամյա տղամարդուն։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները, շրջիկ ծառայություն կատարելիս, Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում hունիսի լույս 30-ի գիշերը նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու։ Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ «Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 տարեկան։ Բուժհաստատությունում ստուգվել է նրա սթափության աստիճանը. պարզվել է, որ ոչ սթափ վիճակում է։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ նռնակը ձեռք բերելու ճանապարհը քննությամբ պարզվում են։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

847