
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին, ժամը` 11:30 ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) Նորա Մարտիրոսյանի ֆիլմը ցուցադրվելու է որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:
Ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի և պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: