Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին:

 

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիկին Նատալի Լուազոյի, իր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին՝ մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։

 

Խոսվել է առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ՝ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։

152