ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորհրդարանի օրակարգում է: Քննարկում են ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Այս պահին յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի անվտանգության համակարգի ամբողջական վերականգնումը, բանակի հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերում, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգի փոփոխություն՝ եզրափակիչ ելույթում հայտարարեց իշխանության թեկնածուն՝ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Որևէ բան չի մոռացվել, և տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ՝ անկախ նրանից, թե այս պահին ինչ կարգավիճակում են գտնվում Զինված ուժերը տասնամյակներով թալանողները: Հուսով եմ, որ բանակից թալանվածը հնարավորինս շուտ կհանձնվի բանակի տնօրինմանը՝ նախքան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին համապատասխան օրենքի տարածումը դրանց վրա:

Քոչարյանի ելույթով ավարտվեց երեկվանից սկսած քննարկումը և մեկնարկեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը: Այս հանձնաժողովն արդեն պետք է նախագահի ընդդիմությունը: «Հայաստան» դաշինքն առաջադրել է Վահե Հակոբյանին: Նա անհրաժեշտ է համարում բյուջետային ընթացիկ ծախսերի կրճատումը և տնտեսական աճ ստեղծող ծախսերի մեծացումը:

Վահե Հակոբյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր - Այդպես հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը:

Ո՞րն է ձեր ֆինանսական հաջողության գաղտնիքը. Հակոբյանից հետաքրքրվեց իշխանության ներկայացուցիչ Սարգիս Խանդանյանը՝ թվարկելով ընդդիմադիր գործընկերոջ սեփականություններն ու նկատելով, որ Հակոբյանը կարճ ժամանակ է աշխատել մասնավոր հատվածում:

Սարգիս Խանդանյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Բնակարան՝ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան՝ Դեմիրճյան փողոցի վրա, ավտոկայանատեղիներ, բնակելի տուն և հողամաս Վահագնի թաղամասում, մի շարք տրանսպորտային միջոցներ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք և ահագին դրամական միջոցներ։ Երբ ԱԺ կայքում կարդում ենք ձեր կենսագրությունը, տեսնում ենք, որ 1997-2018 թթ. դուք եղել եք պետական ծառայության մեջ:

Վահե Հակոբյան - Երբ ես լքեցի պետական ծառայությունը, սկզբից պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել, հետո դարձա թիմի անդամ։ Հայտարարագրում ինչ կա, դա է։ Ձեր նշած երկու բնակարանները 100 տոկոսանոց վարկ են, Իսպանիայի տունը նույնպես 80 տոկոսանոց վարկով ձեռք բերված գույք է:

Հակոբյանի պատասխանը նոր հարցեր առաջ բերեց: ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանին հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Վահե Հակոբյանը կարողանալու պատգամավորի աշխատավարձով կատարել իր վարկային պարտավորությունները:

Վահե Հակոբյան - Մի կերպ հոգալու եմ, ընկերներս են հոգալու: Վաղը կամ մյուս օրը չեմ լինի պատգամավոր ու կանդրադառնամ էլի բիզնեսին:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ Հակոբյանից հետաքրքրվեց, թե 2018 թվականին հուլիսին ինչո՞ւ Վահե Հակոբյանը լքեց «Հանրապետական» կուսակցության շարքերը:

Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ - Եթե չեմ սխալվում , 2018 թ. հուլիսն այն ժամանակաշրջանն էր, երբ շատերը լքում էին ՀՀԿ-ն, որովհետև ՀՀԿ-ն կորցրել էր իշխանությունը:

Վահե Հակոբյանի պատասխանը կարճ էր՝ այլևս քաղաքականությամբ չէր ուզում զբաղվել:

Վահե Հակոբյան - Հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի գործըներներ:

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ԱԺ-ն կաշխատի մինչև ժամը 20:00-ն: Խորհրդարանականներն անցան մյուս հարցերին: Իշխող ուժը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագախ առաջադրեց Նարեկ Զեյնալյանին, Ֆինասավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Գևորգ Պապոյանն է, Աշխատանքի և սոցիալական հարցերինը՝ Հերիքնազ Տիգրանյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի թեկնածուն Սիսակ Գաբրիելյանն է, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արման Եղոյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իշխանության թեկնածուն Վահե Ղալումյանն է, իսկ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն՝ Էդուարդ Աղաջանյանը: Քննարկումն սկսվեց Աղաջանյանից:

Ընդդիմությունն էլ ներկայացրեց 2 հանձնաժողովի իր թեկնածուներին: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն է, իսկ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արմեն Գևորգյանը:\

1lurer.am

468