Օգոստոսի 11-ին պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Պատգամավոր Թագուհի Ղազարյանը ներկայացրեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Սիսակ Գաբրիելյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Գլխադասային հանձնաժողովի նախագահի թեկնածուն ներկայացրեց հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր պատկերացումներն ու հետագա աշխատանքները: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում նախատեսում է ձեւավորել խորհրդարանական մշակույթ, մասնավորապես հանդիպումներ կազմակերպել հանձնաժողովի ոլորտում գտնվող կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ պարբերաբար հանդիպել ոլորտային նախարարների հետ եւ այլն: Բանախոսը նշեց, որ նախատեսվում է նաեւ կազմակերպել արտագնա նիստեր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ հանձնաժողովի անդամների հետ մտադիր է հաճախակի այցելել հայկական գաղթօջախներ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:

359