Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան խորհրդարանական տեղերի քանակով առաջ է անցել ընդդիմությունից, սակայն չի կարողացել ապահովել մեծամասնություն։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ynet-ը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Նեթանյահուի դաշինքը խորհրդարանում ստացել է 53 տեղ, ընդդիմադիր դաշինքը՝ 48, իսկ արաբական կուսակցությունները՝ 19 տեղ։

Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը ստացել է ամենաշատ տեղերը՝ 27 մանդատ։ «Լիքուդ»-ի դաշնակիցները կունենան 26 տեղ. Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունը ստացել է 7 տեղ, Արիե Դերիի գլխավորած ՇԱՍ-ը՝ 6, Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի «Կրոնական սիոնիզմ-Զեհուտ» դաշինքը՝ 6, իսկ ուլտրաօրթոդոքս «Միացյալ Թորա հուդայականություն» կուսակցությունը՝ 7 տեղ։

Նեթանյահուի ընդդիմախոսների շարքում «Յաշար» կուսակցությունը, որը կապվում է Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի հետ, ստացել է 21 մանդատ, իսկ այդ դաշինքի մյուս ընդդիմադիր կուսակցությունները՝ 27 տեղ։ Նախկին վարչապետ Նաֆտալի Բենեթի «Բեյահադ» կուսակցությունը ստացել է 12 տեղ, «Դեմոկրատները»՝ 8, իսկ Ավիգդոր Լիբերմանի ազգայնական «Իսրայել Բեյտենու» («Իսրայելը մեր տունն է») կուսակցությունը՝ 7 տեղ։

Երկու արաբական կուսակցություն՝ «Միացյալ ցուցակ»-ը և «Ռաամ»-ը, միասին ստացել են 19 տեղ (համապատասխանաբար՝ 11 և 8 տեղ)։

Իսրայելի Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 տեղ։

Ընտրությունները կայացել են հոկտեմբերի 27-ին։ Վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն են գործող վարչապետ Նեթանյահուն, որն առաջադրվել է աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունից, և Այզենկոտը, որը գլխավորում է իր  հիմնած կենտրոնամետ «Յաշար» կուսակցությունը։ Ընտրողների մասնակցությունը հասել է ռեկորդային՝ 77,7%-ի։

89