Ինչպես օրերս հաղորդել էինք, ախտահանման միջոցառումների բարեհաջող ընթացքի դեպքում, սեպտեմբերի 15-ից, ամենայն հավանականությամբ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող մանկապարտեզները կվերաբացվեն: Վերջերս, նաև լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հնարավոր է մանկապարտեզները փետրվարից վերաբացվեն:

 

Շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով, AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում Տարոն Գևորգյանը նշեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն և, ինչպես օրեր առաջ AraratNews.am-ին հաղորդել էին, բարի ցանկություն ունեն քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող մանկապարտեզները վերաբացել սեպտեմբերի 15-ից:

 

«Եթե նոր զարգացումներ լինեն, բնականաբար, մենք դա պաշտոնապես կհայտարարենք»,-ընդգծեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը:

 

Օլյա Շահինյան

1254