Քաբուլի օդանավակայանի մոտ հրմշտոցի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի թղթակից Ստյուարտ Ռամզիի խոսքով՝ ինքը տեսել է «առնվազն երեք մարմին», որոնք դուրս են բերել մայրաքաղաքի օդանավակայանի մոտ։

Նշվում է, որ բրիտանացի զինվորները փորձել են օգնել մարդկանց։

««Թալիբանը» ցույց է տվել համագործակցության պատրաստակամություն, քանի որ խոսքը հիմնականում ամբոխի զսպման մասին է», – Ռամզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները արագ հարձակում են ծավալել ամբողջ երկրում և գրավել բոլոր սահմանային անցակետերը, իսկ օգոստոսի 15-ին մտել Քաբուլ եւ վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, որպեսզի, նրա խոսքերով, «կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:

 

1751