Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված Kia-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, տարածքի դատախազի ցուցումով վթարի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը; Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմիղ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան: