«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարի առաջ շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Սեպտեմբերի 15-ին լրացավ ֆիլմի 15 ամյակը եւ այդ առիթով ֆիլմի ռեժիսոր ՝ Գոռ Կիրակոսյանը վերամշակել է ֆիլմը եւ կրկին ներկայացնում է այն մեծ էկրաններին:

«Ֆիլմն էկրաններին մնաց 45 օր: Այն ժամանակվա համար դա շատ բարձր ցուցանիշ էր ՝ ինձ ասում էին, որ հայկական ֆիլմերը էկրաններին են մնում ամենաշատը 4-5 օր: Ժամանակակից ստանդարտներին նայելիս միշտ ափսոսում էի, որ ֆիլմը միայն DVD տարբերակով է հասանելի», - ասում է Կիրակոսյանը:

Ռեժիսորի խոսքով, պանդեմիայի ընթացքում ազատ ժամանակը շատ էր, եւ նա որոշեց վերադառնալ ֆիլմին ու հետարտադրություն իրականացնել զրոյից:

«5-6 ամիս աշխատել ենք, արխիվից հանել ենք մոտ 96 կասետ ու նորից նույնությամբ հավաքել ֆիլմը, մոնտաժել, գույները կարգավորել», - մանրամասնում  է Կիրակոսյանը:

Դերասան Արմեն Մարգարյանը Arartnews.am - ի հետ զրույցում անկեղծացավ եւ պատմեց, որ ի սկզբանե չի ցանկացել կատարել Սարոյի դերը, ով ֆիլմում հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է:

«Սկզբում չէի համաձայնում խաղալ այդ դերը, քանի որ ֆիլմում պետք է մարմնավորեի «գողական» կերպարի: Սակայն քաստինգից հետո Գոռն ասաց, որ հենց ինձ է տեսնում այդ կերպարում եւ ես վստահելով նրան ամեն դեպքում որոշեցի խաղալ Սարոյի դերը», - հիշում  է դերասանը:

Ֆիլմում խաղում են նաեւ Հրանտ Թոխատյանը, Նարեկ Ղափլանյանը, Արաքսյա Մելիքյանը, Դավիթ Թովմասյանը, Խորեն Լեւոնյանը, Վահագն Սիմոնյանը, Անի Պետրոսյանը, Վահագն Գալստյանը եւ այլ հայտնի դերասաններ:

Մանրամասները ՝ ռեպորտաժում

Հեղինակ ՝ Մարիամ Գեւորգյան

Լուսանկարներ ՝ Շուշանիկ Անտոնյան
 

3501