Անկախության 30-րդ տարեդարձի առիթով ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։

30 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին. պատմական այս նոր փուլը մեր ժողովրդի կամքի արտահայտությունն էր, որով ազդարարվեց հայոց պետականությունը։

30 տարի առաջ ՀՀ քաղաքացին հայտնեց իր միասնական դիրքորոշումը, իսկ պետությունը որոշիչ քայլ կատարեց դեպի ժողովրդավարական արժեքների քաղաքակիրթ աշխարհ։

30 տարի առաջ մենք արտահայտեցինք ինքնավարություն ունենալու մեր հասունացած համոզմունքն ու սեփական ճակատագիրը տնօրինելու միասնական ձգտումը:

Ազգային ինքնության պահպանման համար մեր ժողովրդի վաղեմի պայքարի ու վճռականության արդյունքում՝ 30 տարի առաջ հայկական պետականությունը վերագտավ իր գոյությունը՝ ընտրելով ինքնիշխանությունը որպես միակ աներեր իրողություն:

Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրն անխախտ գիտակցությամբ պետք է ամրակի մեր անկախ պետականության հիմքերը՝ ներդնելով մեր կարողություններն ու ներուժը ի շահ հայրենիքի կայուն առաջընթացի ու անշեղ զարգացման:

Յուրաքանչյուրս պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրենք անկախ հայաստանցի լինելու պատիվն ու շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը։

Սեպտեմբերի 21-ն իր խորհրդով մեր հավատի, գաղափարների ու վստահության խորհրդանիշն է, իսկ անկախությունը պահպանելու կարևոր առաքելությունը բոլորինս է։

313