Fip.am-ը գրում է․

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 23-ին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկմանը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը հայտարարել է, որ պատվաստումը վտանգավոր է հղիների համար:

Հիշեցնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքը, որ վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութը չի ազդում, Գրիգորյանն ընդգծեց, որ նման հայտարարություն չի կարելի անել պատվաստանյութի՝ ընդամենը մեկ տարվա կիրառման դեպքում։ Նա նաև հավելեց, որ այս պատվաստանյութերի մեծ մասը ստեղծվել է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներով ու դրանք դասական պատվաստանյութերի հետ ընդհանրապես համեմատելի չեն։ 

«Ընդամենը մեկ-երկու օր առաջ բրիտանական պառլամենտում հայտարարվում էր, որ պատվաստումների արդյունքում եղել են մահվան դեպքեր ու այլ բարդություններ, ու բարդությունների թվում նշվում է 35 հազար դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում՝ վիժումներ, սա փաստեր են»,- հայտարարել է Սամվել Գրիգորյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե արդյո՞ք Սամվել Գրիգորյանի պնդումները համապատասխանում են իրականությանը:

Պատվաստանյութերի ազդեցությունը հղիների վրա

Ինչ վերաբերում է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներով պատվաստանյութ ստեղծելուն, ապա Գրիգորյանը մանիպուլացնում է, քանի որ այդ տեխնոլոգիայով ստեղծվել են միայն «Մոդերնա» (Moderna) և «Փֆայզեր» (Pfizer/BioNTech) պատվաստանյութերը, որոնք Հայաստանում առկա չեն այս պահին:

Երկուսի դեպքում էլ մշակվել են դեղաչափեր, որոնք օգտագործվում են SARS-CoV-2 գենետիկական կոդի մի կտոր՝ կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19, իմունային պատասխան հրահրելու համար: Սակայն դրանք չեն կարող ազդել մարդու ԴՆԹ-ի վրա, քանի որ չեն մտնում բջջի միջուկի մեջ: 

Ինչ վերաբերում է հղիների վրա ազդեցության և Մեծ Բրիտանիայում գրանցված դեպքերին, ապա Գրիգորյանը կրկին սխալվում է: 

Դեռևս ապրիլին ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հղիներին խորհուրդ էր տվել պատվաստվել, քանի որ հետազոտությունը ցույց էր տվել, որ 90 հազար հղի կին պատվաստվել է և որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել: 

Ամռանը Մեծ Բրիտանիայում քննարկվում էր ճիշտ հակառակ գործընթացը, այն է՝ հղիներին ներառելու պատվաստանյութ ստացողների առաջնային խմբերում՝ համարելով նրանց ռիսկային խումբ: Հուլիսին երկրի առողջապահության նախարարությունը կոչ էր արել հղիներին պատվաստվել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի դելտա շտամը ավելի ծանր ընթացք է ունենում և բացասական հետևանքներ կարող է ունենալ հղիների համար:

Ըստ Միացյալ Թագավորության պատվաստումների և իմունականխարգելման համատեղ հանձնաժողովի՝ հղի կանայք, որոնք սիմպտոմատիկ COVID-19 են տարել, 2-3 անգամ ավելի հակված են վաղաժամ ծննդաբերության: Մեկ այլ հետազոտության համաձայն, որը տպագրվել է Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների ամսագրում, կորոնավիրուսով վարակված կանայք 2 անգամ ավելի շատ են հակված մահացած երեխա ունենալուն:

Ներկայում Միացյալ Թագավորության խորհրդարանում միջնորդություն է քննարկվում, որը կոչ է անում կառավարությանը հղիներին և նրանց զուգընկերներին ընդգրկել պատվաստանյութեր ստացողների առաջնահերթ խմբում: Միջնորդության բացատրության մեջ նշվում է, որ հղիները ստիպված են կանոնավոր այցելություններ կատարել բարձր ռիսկային գոտիներ համարվող հիվանդանոցներ, որտեղ վարակման հավանականությունը շատ բարձր է, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հղիների համար ծննդաբերությունից առաջ:

Հայաստանում առկա պատվաստանյութերը և հղիությունը

Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և չինական «Սինոֆարմ»: Չինական մեկ այլ պատվաստանյութի՝ «Կորոնավակի» խմբաքանակն ավարտվել է:

«Սպուտնիկ Վին» հղիության ժամանակ կարելի է կիրառել, միայն եթե մոր համար ակնկալվող օգտակարությունը գերազանցում է պտղի համար ռիսկը: Կրծքով կերակրման ժամանակ պատվաստումը հակացուցված է, քանի որ դրա ազդեցության մասին հետազոտությունները բացակայում են:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց «Աստրազենեկայով» պատվաստվել միայն այն դեպքում, երբ դրա օգտակարությունը գերազանցում է պոտենցիալ վտանգը:

Ինչ վերաբերում է «Սինոֆարմին», ապա ԱՀԿ-ն շեշտում է, որ այս պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիան օգտագործվել է այլ հիվանդությունների դեմ և որևէ վնասակար հատկություն չի ունեցել հղիների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հետազոտությունների բացակայությունը, ԱՀԿ-ն կրկին խորհուրդ է տալիս հղիներին պատվաստվել միայն այն դեպքում, երբ դրա օգտակարությունը գերազանցում է պոտենցիալ վտանգը:

Հատկանշական է, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից աշխատողներին ներկայացվող պահանջները՝ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու, չեն վերաբերում հղիներին: Ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն բոլոր աշխատակիցները, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների:

Այսինքն՝ Հայաստանում հղիների նկատմամբ որևէ պարտադրանք չկա պատվաստվելու վերաբերյալ:

Այսպիսով, հղիների վրա պատվաստանյութերի ազդեցության մասին Սամվել Գրիգորյանի պնդումներն անհիմն են և մանիպուլյատիվ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

1602