«Մեծ կարմիր բիծ»` այսպես են անվանում ամենամեծ անտիցիկլոնային փոթորիկը Յուպիտեր մոլորակի վրա, որը գոյություն ունի ավելի քան 300 տարի։

Այն շարժվում է Յուպիտերի հասարակածին զուգահեռ՝ հարավային կիսագնդում և պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և մոտ 2 անգամ գերազանցում է Երկիր մոլորակի չափերը։

Դեռևս հստակ պատկերացումներ չկան, թե ի՞նչն է փոթորկին տալիս նման կարմրավուն երանգ կամ թե ի՞նչն է առաջացրել հսկայական փոթորիկը դարեր առաջ։ Դրա կենտրոնում քամու արագությունը համեմատաբար ցածր է, չնայած եզրերում արագությունը հասնում է 430-680կմ/ժ-ի, իսկ 2017 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ՝ փոթորկի լայնությունը 16,350 կմ էր:

Մեծ կարմիր բծի երկարակեցությունը մասամբ բացատրվում է նրանով, որ Յուպիտերը չունի ամուր մակերես: Յուպիտերի «երկինքը» 70 կմ խորություն ունի և բաղկացած է ամոնիումի հիդրոսուլֆիդից կամ ջրային սառույցից և գոլորշուց կազմված ամպային շերտերից:

Գիտնականները կարծում են, որ այս շերտերի տակ կա հեղուկ ջրածնի օվկիանոս: Երկրի վրա փոթորիկները սկսում են դանդաղել և մասնատվել, երբ հասնում են պինդ ցամաքի, սակայն տեղ չունենալով, որ Մեծ Կարմիր կետը ՛՛վայրէջք կատարի՛՛, փոթորիկը կարող է շարունակվել և շարունակվել:

Ինչպես փոխանցում է Բյուրականի աստղադիտարանը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ին, պարբերաբար հետազությունները ցույց են տվել, որ երբ փոթորիկը կրճատվում է, այն փոխում է գույնը ՝ դառնալով ավելի ինտենսիվ նարնջագույն: Գիտնականները դեռ վստահ չեն, թե ինչու է դա տեղի ունենում, բայց դա կարող է պայմանավորված լինել քիմիական ռեակցիաներով։

1080