Հաշված օրեր են մնացել, որ ուժի մեջ մտնի կառավարության որոշումը, ըստ որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Պարզելու համար, թե պատվաստվողների թվի քանակի աճին զուգահեռ ինչ պատվաստանյութերի նոր խմբաքանակներ կմտնեն Հայաստան, Araratnews.am -ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ։

«Հիմա շարունակում ենք բանակցել Johnson Johnson, Novavax, Fizer պատվաստանյութերի ներմուծման համար։ Խմբաքանակներն անընդհատ ավելանում են՝ Sputnik V-ի առաջին դեղաչափը նորից ստացել ենք, Astrazeneca-ն նորից համալրվում է։ Ունենք նաեւ Sinopharm-ի ապահովված խմբաքանակ։

Pfizer-ի համար մենք շարունակում ենք բանակցել, մի փոքր խնդիր եղավ ժամկետների հետ՝ նախնական մեր սպասված ժամկետից հետաձգվեց՝ ոչ մեր կողմի մեղքով։ Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք՝ դա պայմանավորված է արտադրական ցիկլի մեծաքանակ պահանջներով։ Չեմ կարող ներմուծման կոնկրետ ժամկետներ նշել»,- ասացին մեզ առողջապահության նախարարությունից։

Մեզ հայտնեցին, որ նախարարությունը միշտ բանակցային գործընթացի մեջ է, որպեսզի ապահովի քաղաքացիներին բավարարաչափ պատվաստանյութերով։

Բացի այդ, մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատուի խոսքով, ՀՀ-ում միշտ առկա են պատվաստանյութերի 3 խմբաքանակներ, որպեսզի քաղաքացին ընտրության հնարավորություն ունենա։

Մարիամ Գեւորգյան

1715