Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ-Պարնի, Գեղասար և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներ՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: 

Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր: Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը (ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազար դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը՝ 23 մլն 400 հազար դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760 հազար դրամ) և վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազար դրամ): Բոլոր ծրագրերը խիստ կարևորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարևորության խնդիրներ: 

Ծաղկաբեր համայնքը նույնպես սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով տարածաշրջանում ակտիվներից է: Այստեղ այս տարի տուֆ քարով կառուցվում է 1-ին փողոցի 6-րդ փակուղու ճանապարհը (պայմանագրային արժեքը՝ 18 մլն 895 հազար դրամ), մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրվելու է ֆոտովոլտային կայան (6 մլն 660 հազար դրամ), ինչը հնարավորություն կտա ջեռուցումն իրականացնելիս զգալի գումար տնտեսել: Կառուցվում է նաև համայնքի ոռոգման համակարգը (31 մլն 746 հազար դրամ), ինչի շնորհիվ կընդլայնվեն մշակովի հողատարածքները: 

Մեծ-Պարնի համայնքում սուբվենցիոն միջոցներով այս տարի ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը (պայմանագրային արժեքը՝ 21 մլն 958 հազար դրամ), ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի կառուցման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները (44 մլն 850 հազար դրամ):

Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ (պայմանագրային արժեքը՝ 17 մլն դրամ), ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը:

Մարզի ղեկավարի այցի վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ սալարկվում են  դեպի դպրոց տանող ճանապարհը և 10-րդ փողոցը. երկար սպասված ճանապարհաշինական ծրագիրն այս տարի, ի վերջո, իրականություն կդառնա:

Շինարարական աշխատանքները հիմնականում կատարում են համայնքների բնակիչները, այսպիսով՝ որոշակիորեն լուծվում է նաև աշխատատեղերի հարցը:

 

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք դիտարկումներով: Նա հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

 

Մարզի ղեկավարն այցելել է նաև Լեռնապատ համայնքում կառուցվող ԱԹՍ-ների օդանավակայան, որտեղ շինարարական աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև 2022 թվականի մայիսը: Մարզպետը կարևորել է կրթական կենտրոնի դերը և նշել, որ մարզային կառույցը մշտապես պատրաստ է աջակցել և համագործակցել կենտրոնի հետ:

 

115