
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:
Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, ինչպես նաև մրցույթի՝ արտերկրից ժամանած ժյուրիի անդամներ, մասնակիցներ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և դպրոցականներ։
Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթի անցկացումը՝ նշելով, որ այն ուղղված է ոչ միայն երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը, այլև Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակմանը։ Մրցույթը ընդգրկված է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) ցանկում և գործում է WFIMC-ի սահմանած միջազգային չափանիշներին համապատասխան:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի սիրված ստեղծագործություններից՝ հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։
Մրցույթին կմասնակցի նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիայից, Արգենտինայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Լատվիայից, Թայվանից, Ավստրալիայից, Չինաստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից։