Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին:

Հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորել է Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել՝ նման ձևաչափի հանդիպում կազմակերպելու համար:
Հանդիպման նպատակն էր Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին ներկայացնել ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում, խոսել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին:

Ողջունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը մարզպետարան՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Մարզպետն իրականացվող աշխատանքներում հատկապես կարևորել է անհետ կորածների խնդիրը՝ ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող ստորաբաժանման ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով այդ հարցին:

ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելը խոսել է 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գտնվող գերիների պարբերական այցելությունների և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների հետ կապի ապահովման և այլ ուղղություններով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ աշխատանքների մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն անում է ամեն հնարավոր բան՝ խնդիրների լուծման համար:

ԿԽՄԿ Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնն անդրադարձել է հակամարտության սրացման հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած համայնքներին ցուցաբերած մարդասիրական խնդիրներին՝ կարևորելով մարզի սահմանամերձ բնակավայրերի առողջապահական հաստատություններին տրամադրած տեխնիկական, դեղորայքային և նյութական աջակցության, կրթական հաստատություններում ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման, հյուրընկալ ընտանիքներին ֆինանսապես աջակցելուն ուղղված հարցերը:

«ԿՄԽԿ աջակցության բաժնի միջոցով փորձում ենք սահմանամերձ բնակավայրերում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ նախագծի իրականացման համար ունենք մասնագետներ, որոնք կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Այս պահին ընթացքի մեջ է մի կարևոր նախագիծ, որի շրջանակներում փորձում ենք դրամական աջակցություն ցուցաբերել 2020 թվականի հակամարտության սրացումից առավել տուժած Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերի բնակիչներին, քանի որ նրանք զրկվել են անասնակեր ու վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից»,- ասել է Էլիան Շահվայնը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերված նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մարզպետարանի հետ ծավալվող առաջիկա համագործակցությունը կլինի է՛լ ավելի արդյունավետ:

Այնուհետև քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերում այս պահին տիրող անվտանգային խնդիրները, ինչպես նաև Արցախից՝ մարզում բնակություն հաստատած ընտանիքների կացության հարցը: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ արդյունավետ և կառուցողական քննարկման համար: 

205