Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացման փորձի հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 15.30-ի սահմաններում քրեական հետախույզներն Իջևանի Երևանյան փողոցից, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Պառավաքար գյուղի 31-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված: Ավելի ուշ ոստիկանները թղթե փաթեթով նմանատիպ բուսական զանգված են հայտնաբերել նաև բերման ենթարկվածի մեքենայում: Ըստ 31-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, մշակումն արգելված կանեփն աճեցրել ու պատրաստել էր իր օգտագործելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցի մի մասը նա պատրաստվում էր փոխանցել Գուգարք գյուղի մի բնակչի: Բացի այդ, հոկտեմբերի 11-ին հիշյալ տղամարդու կողմից օգտագործվող, սակայն հորեղբորը պատկանող անասնագոմից հայտնաբերվել է կիսաչոր և չոր կանեփի 6 բույս:

Նշանակվել են դատաքիմյական և տոքսիկաքիմյական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

515