
Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Քրեակատարողական ծառայության 102-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Նախարարը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և առաջարկել հոկտեմբերի 19-ը հայտարարել նաև ստուգատեսի օր՝ ամփոփելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջարկելու խնդիրների արագ լուծման տարբերակները։
Կարեն Անդրեասյանը, ի թիվս համակարգում առկա այլ հարցերի՝ կարևորել է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու խոստացել է մեկ տարի անց զեկուցել կատարված բարեփոխումների արդյունքները։ «Ինչպես պարեկային ծառայությունը դարձավ նոր սիմվոլը ամբողջ ոստիկանության, այնպես էլ նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշը նոր Քրեակատարողական ծառայության»,- ասել է արդարադատության նախարարը և, կրկին շնորհավորելով ՔԿ ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նրանց նվիրումի ու կատարած բարեխիղճ աշխատանքի համար։
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ևս շնորհավորել է համակարգի աշխատակիցներին Քրեակատարողական ծառայողի օրվա առիթով և ընդգծել, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն բոլորի ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ։
Միջոցառման ավարտին Ծառայության 25 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 20 ծառայող Ծառայության պետի կողմից արժանացել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի։