
Վթարի վայրում հավաքվածների խոսքով` բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Կա զոհ և տուժածներ։ Տեղեկությունը հայտում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter» և BMW մակնիշի ավտոմեքենաները:
«Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, երեք տուժած»,–նշված է հաղորդագրության մեջ։
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter» և BMW մակնիշի ավտոմեքենաները:
«Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է»,–գրում է կայքը և նշում 5 վիրավորների մասին։
Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 5 վիրավորին, այնուհետև նրանց տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: