Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական իմաստություն են ցուցաբերել, երբ որոշում են կայացրել դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ այնուամենայնիվ, դեռևս կարևոր ասպեկտներ կան, այն է՝ պետք է ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ:

«Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ձեռք բերված պայմանավորվածություններն ընդունեն որպես երկարաժամկետ և երկու կողմերից էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ ընդգծել` խաղաղ գոյակցությունը։ Իսկ դրանում բոլորը շահագրգռված են», – նշել է Պուտինը։

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը՝  հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, կարծում է ՌԴ նախագահը։

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ։ Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ոչ ոք այլևս պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ։ Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ են։ Այո, քանի որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են։ Այնտեղ կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխադարձ փոխզիջումներ․ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել ինչ-որ բան։ Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին», – նշել է Պուտինը։

415