Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է Օլե-Գունար Սուլշերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Manchester Evening News-ը։
 
48-ամյա նորվեգացի մասնագետի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 30-ին «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղից առաջ։ Ինչպես նշում է caughtoffside.com-ը, ժամանակավոր հիմունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գլխավորել թիմի նախկին խաղացող Դարեն Ֆլետչերը։
 
Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվեց «Լիվերպուլին» ազգային առաջնության 9-րդ տուրում։ Մանկունիանցիները մրցաշարային աղյուսակում յոթերորդն են՝ առաջատար Լոնդոնի «Չելսիից» հետ մնալով 8 միավորով:
 
Հիշեցնենք, որ Սուլշերը նշանակվել է «Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար 2018 թվականին և պաշտոնում հաստատվել հաջորդ տարվա մարտին։ Այս տարվա հուլիսին նա ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչեւ 2024 թվականը՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
1109