
«ԲԴԽ բոլոր անդամների անունից ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել մեր գործունեության առնչությամբ գնահատականի վերաբերյալ»,- այս մասին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր խնդիրը ԲԴԽ-ն ոչ միայն տեսնում է կոնկրետ դատավորների պատժելու կամ չպատժելու տիրույթում, այլ մենք ցանկանում ենք ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, եթե թույլատրելի է ասել, կանխարգելիչ նշանակություն ունենան ապագայում հնարավոր խախտումների համար»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը և հավելեց. «Այդ առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով, եթե կարելի է այդ բառն օգտագործել, նախադեպային տրամադրությամբ են գնում: Երկրորդ խնդիրն էլ՝ ոչ միայն դատական, այլ նաև իրավապահ մարմինների վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո` դա շատ ավելի առաջ է ծագել»:
Հիշեցնենք` «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է վեթինգի թեմային և նշել, որ վեթինգը սկսվել է ԲԴԽ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: