Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ մամուլում և հանրության շրջանում քննարկումներ սկսվեցին աշակերտների՝ դիմակ կրելու պարտադրանքի և մյուս սահմանափակումների մասին: Շրջանառվում են ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ երեխաները կորոնավիրուսը ծանր չեն տանում ու վարակի ակտիվ տարածող չեն: 

Նման քննարկումները սոցցանցերի հայկական տիրույթում հիմք դարձան դպրոցներում սոցիալական հեռավորության և դիմակ կրելու պահանջները վերացնելու կոչերի համար։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել այս թեմայով գիտական ուսումնասիրություններն ու այլ երկրների փորձը՝ հասկանալու, թե ի վերջո՝ որքանո՞վ են հիմնավորված դասերի ընթացքում աշակերտների դիմակ կրելու պահանջը և այդ որոշման քննադատությունները:

Ի՞նչ ուսումնասիրություն են տարածում Հայաստանում

Հունիսի վերջին ամերիկյան Bloomberg-ը հրապարակում էր տարածել՝ գրելով, որ դպրոցահասակ երեխաները կորոնավիրուս չեն տարածում: Կայքը հղում էր արել Փարիզի Պաստորի ինստիտուտին: Ուսումնասիրությունն արվել էր մոտ 1300 անձանց շրջանում:

Ըստ դրա՝ Փարիզին կից փոքր քաղաքում հայտնաբերվել են երեք հնարավոր դեպքեր, որոնցում վարակված դպրոցահասակ երեխաները կարող էին վարակել իրենց դասընկերներին և ուսուցիչներին, սակայն չէին վարակել: 

Մինչ օրս հրապարակված ուսումնասիրությունների գերակշիռ մասում, սակայն, չի պահպանվում Փարիզի գիտնականների առաջ քաշած թեզը: Առանձին դեպքերով ևս պարզ է դառնում, որ թեև ոչ չափահասների նման, երեխաները, այնուամենայնիվ,  ևս վարակվում են ու վարակում շրջապատին:

Երեխաները՝ կորոնավիրուսի վարակակիր և տարածո՞ղ

Կորոնավիրուսի տարածման առաջին շրջանից գիտական աղբյուրները գրում էին, որ երեխաները, ի տարբերություն չափահասների, ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով և առավել թեթև տանում հիվանդությունը: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի և այլ աղբյուրների՝ մինչ օրս պարզ չեն իրական պատճառները, և գիտությունը դեռ ամբողջությամբ չի հասկանում, թե ինչու են երեխաների մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպքերը և հետևանքները տարբերվում մեծահասակներից:

Հարավային Կորեայում անցկացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մինչև 10 տարեկան երեխաները վարակը տարածում են ավելի քիչ, քան ավելի մեծ տարիքի երեխաները և մեծահասակները, սակայն նրանցից վարակվելու ռիսկ, այնուամենայնիվ, կա: 11 տարեկանից բարձր երեխաները վարակը տարածում են գրեթե նույն «ինտենսիվությամբ», ինչ չափահասները: Ուսումնասիրությունը կատարվել է ավելի քան 57 հազար անձանց՝ վարակակիրների և նրանց շփումների շրջանակում: Ըստ դրա՝ դպրոցների փակումը տարբեր շրջաններում զգալի նվազեցրել է վարակի տարածումը:

Հատկանշական է, որ սա համահունչ է ԱՀԿ ուղեցույցին, ըստ որի՝ դպրոցներում և հանրային մարդաշատ վայրերում մինչև հինգ տարեկան երեխաներին դիմակ կրելը հակացուցված է: Վեցից տասնմեկ տարեկան երեխաների՝ դիմակ կրելու պայմանները ԱՀԿ-ն առաջարկում է համադրել ըստ տվյալ երկրի պահանջների՝ կախված վարակի տարածման աստիճանից և այլ հանգամանքներից: Այսինքն՝ ԱՀԿ-ում ևս չի դիտարկվում հարցը, որ երեխաները կարող են վարակի տարածող չլինել:

ԱՀԿ-ի՝ ապրիլին հրապարակած զեկույցի համաձայն՝ Չինաստանում երեխաները մոտ 30 անգամ ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով, քան միջին տարիքի մարդիկ: Եվ չնայած վարակի դեպքերի մեծ մասն անցնում է առանց սիմպտոմների, ծանր հետևանքները ևս բացառված չեն:

Վարակը չի անցել բոլոր երեխաների կողքով՝ առանց հետևանքների

Այս տարվա մայիսին Մեծ Բրիտանիայում գրանցվեց հազվադեպ հանդիպող Կավասակի սինդրոմի ախտանշաններին նման ախտանշաններով մոտ 100 դեպք: Մանկահասակ երեխաները, որոնց մոտ հայտնաբերվել էր սինդրոմը, վարակված էին եղել կորոնավիրուսով:

ԱՄՆ բժշկագիտության ազգային գրադարանի՝ օգոստոսին հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ այս ախտանշանները երևում են կորոնավիրուսով վարակված և առողջացած 1000 երեխայից մեկի մոտ: Գրանցվել են նաև մահվան դեպքեր: 

Սրանից բացի, վարակվելու դեպքում երեխաների մոտ, որպես կանոն, ի հայտ չեն գալիս այն ախտանշանները, որոնք հատուկ են կորոնավիրուսին: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի՝ կորոնավիրուսի հետ ասոցացվում է երեխաների և դեռահասների բազմահամակարգ բորբոքային ախտանիշ (Multisystem Inflammatory Syndrome in Children (MIS-C)): Այս համախտանիշի դեպքում երեխաների մոտ նկատվում է տենդ, հոգնածություն, որովայնի ցավ, փսխում, փորլուծություն և այլ ախտանիշներ: Հիվանդության բարդացման դեպքում երեխաների մոտ որովայնի և կրծքավանդակի ուժեղ ցավ է սկսվում, կապտում են դեմքը կամ շուրթերը: 

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դպրոցականներից պահանջվում է դիմակ կրել

Օգոստոսի սկզբին Գերմանիայի կառավարությունը ևս որոշում կայացրեց նոր ուսումնական տարում բացել դպրոցները, սակայն աշակերտների համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր դարձնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

135