
ՍԱՏՄ տեսուչները, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան):
Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից՝ մանրամասնելով.
- Չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը,
- Նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար,
- Սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ,
- Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:
Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր ընդունվել 8 երեխա՝ սննդային թունավորման կասկածով: Նրանցից 5-ը գտնվում էր բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում՝ միջին ծանրության:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թունավորման պատճառը եղել է հավի մսով պատրաստված ուտեստը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թունավորված երեխաների թիվը ոչ թե 8, այլն 10-ն է: